
http://www.guardian.co.uk/commentisfree/2011/mar/29/bashar-al-assad-syrian-president
Սիրիական պատնեշը եւ դժվարությունները
Սիրիայում, սակայն, դեպքերի զարգացումն այն ուղով շարժվեցին: Քանի դեռ չէին ավարտվել լիբիական գործերը, Սիրիան հիմնականում սաուդյան ուշադրության կենտրոնում էր: Երկու պետությունները վաղուց խորը հակասություններ ունեյին: Էլ Ռիադը մեղադրում էր Դամասկոսին տարածաշրջանում Իրանի անվերապահ աջակցության մեջ, ինչպես նաեւ չէր կարող ներել սաուդացիների մեծ բարեկամ Ռ.Հարիրիի սպանությունը, որում մեղադրում էր սիրիական իշխանություններին: Կատարն, ընդհակառակը, Դամասկոսի հետ մշտապես ջերմ հարաբերություններ ուներ: Երկրի ղեկավարները մտերիմ էին ընտանիքներով, իսկ կատարյան ներդրումները սիրիական տնտեսություն հասնում էին 8,5 մլրդ դոլլարի:
Բայց հետզհետե տրամադրությունները փոխվեցին: Արմատական մուսուլմանական վերնախավը, մեծ հեղինակություն վայելող ու թագավորական ընտանիքի վրա զգալի ազդեցություն ունեցող Իսլամական աստվածաբանների /ուլեմների/ համաշխարհային խորհրդի նախագահ եւ Մուսուլման եղբայրներ կազմակերպության գլխավոր գաղափարախոս շեյխ Յուսուֆ ալ-Կարավավիի գլխավորությամբ, պահանջում էր նույն դիրքորոշումը ընդունել, ինչ եղել է Լիբիայի դեպքում: Կատարն ու Սաուդյան Արաբիան սկսեցին զենք մատակարարել ընդդիմադիրներին: Հիմնականում դա Ալբանիայում կուտակված 120 հազար տոննա չինական ու հարավսլավական զինամթերքն է, որն ըստ ՆԱՏՕ-յի պլանների ենթական էր ոչնչացման մոտակա չորս տարիների ընթացքում: Այդ զենքի մեծ մասը հայտնվեց լիբիական գրոհայինների ձեռքում, իսկ հետո ուղարկվեց Թուրքիայում ստեղծված Ազատ Սիրիական բանակի ռազմակայաններ:
Միլիոնավոր դոլլարների հասնող սաուդյան անվերջ ֆինանսական հոսքն այն գրավականն էր, որը թույլ էր տալիս ամիսներ շարունակ լարված պահել իրավիճակը Սիրիայում: Զուգահեռ, ալ-Ջազիրան իսկական ապատեղեկատվական պատերազմ է տանում, կանգ չառնելով նույնիսկ սեփական անաչառ լրատվամիջոցի համբավի վերջին նշույլների կորստի առաջ:
Թեեւ ԱՊԼ-ում հաջողվեց համապատասխան բանաձեւ անցկացնել եւ Սիրիա դիտորդական խումբ ուղարկել, սակայն լիբիական սցենարը կրկնել Դոհայի մոտ չստացվեց: Նախ Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չտվեցին ՄԱԿ ԱԽ-ում ընդունել բանաձեւ Սիրիայի դեմ: Բացի այդ սիրիական ընդդիմադիրներին չհաջողվեց ամրանալ երկրի մի հատվածում, ստեղծել բուֆերային գոտի, որը կդառնար իշխանությունների դեմ պայքարի հենարան, ինչպես դա արվեց Բենղազիում: Իսկ Ծոցի միապետությունների ջանքերով Սիրիա ուղարկված փաստահավաք խմբի եզրակացությունը բոլորովին չէր համապատասխանում սպասելիքներին: Այն արձանագրել էր, որ երկրում գործում են գրոհայինների խմբեր, որոնց մեղքն իրավիճակի սրման մեջ զգալի է: Միաժամանակ մի շարք եվրոպական ու արաբական պետություններ սկսեցին նեղվել սաուդյա-կատարյան ակտիվությունից, ինչպես նաեւ նրանց աննրբանկատ գործելաոճից հետպատերազմյա Լիբիայում: Արեւմուտքը չէր ցանկանում նույն արտոնությունների տալ միապետական զույգին այժմ նաեւ Սիրիայում:
Այս պայմաններում սիրիական իշխանությունները կոտրեցին քիչ թե շատ կազմակերպված դիմադրությունը եւ սկսեցին քայլ առ քայլ երկիրը մաքրել գրոհայիններից: Տվյալ պարագայում վերջիններիս ամենահավանական մարտավարությունը ահաբեկչական գործողությունների իրականացումն է դառնում, երկրում իրավիճակն ապակայունացնելու եւ արտաքին օգնություն ապահովելու ակնկալիքով: Ծոցի միապետություններն ակտիվորեն սրան աջակցելու են մարդկային եւ ռազմական օգնության տեսքով: Սիրիական ընդդիմությունը, որը մինչեւ վերջին պահը դեմ էր հանդես գալիս ներխուժման հնարավորությանը, հասկանալով, որ այն շատ վատ կընկալվի Սիրիայի ազգաբնակչության շրջանում, այժմ Սիրիական ազգային խորհրդի առաջնորդ Բ.Գալյունի շուրթերով, հանդես է գալիս օտարերկրյա ներխուժման կոչով: Դրա անհրաժեշտության մասին արդեն մոտ կես տարի մշտապես կրկնում են Կատարն ու Սաուդյան Արաբիան:
Սակայն ներկա փուլում նման հավանականությունը շատ փոքր է: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Բաշար ալ-Ասադի դիրքերը դեռ բավականին ամուր են երկրում: Նա վերահսկում է բանակը ու հատուկ ծառայությունները եւ կարողացել է լեզու գտնել երկրում ապրող բոլոր էթնոդավանական խմբերի հետ: Բացի այդ նրա հակառակորդների ճամբարը շատ անորոշ է եւ խայտաբղետ, իսկ միջազգային խաղացողները փոխհամաձայնության չեն կարողանում գալ: Օրինակ, Մարոկկոն, որը օտարերկրյա ներխուժման ջերմ կողմնակիցն էր մի քանի ամիս առաջ, հիմա կտրականապես մերժում է նման զարգացման հնարավորությունը: ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինտոնը շեշտում է օգնության բացառապես ՙբարոյական ու դիվանագիտական՚ ճանապարհը: Սա առաջացրեց Սաուդյան կողմի վրդովմունքը, ինչն արտահայտվեց ՙՍիրիայի բարեկամների հանդիպումը՚ լքելով:
Կան խնդիրներ եւ հենց Ծոցի երկրներում: Սաուդյան Արաբիայի արեւելյան նահանգներում 2011 թ. մի քանի շիական ապստամբություններ բռնկվեցին, որոնք դժվարությամբ հաջողվեց ճնշել: Կատարը դեռ կարողանում է պահել ընդվզումները երկրի ներսում կտրուկ բարձրացնելով աշխատավարձերը: Սակայն ՙԱրաբական գարնան՚ տրամաբանությունը կարող է ոտքի հանել նաեւ այս երկների բնակիչներին: Առավել ես, որ Արաբական գարնան ամբողջ ընթացքում իրենց ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպան ներկայացնող Ծոցի միապետություններում դրանք ի սպառ բացակայում են: Լարված են երկրներում նաեւ ներիշխանական հարաբերությունները: Կատարում պայքար է գնում էմիր Համադի շրջապատում երկու ազդեցիկ խմբավորումների միջեւ ԱԳ նախարար Համադ բեն Ջասեմի եւ նախկին փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար ալ-Ատտայայի միջեւ, որի արտահայտություններից եղավ 2011 թ. մարտին էմիրի դեմ անհաջող մահափորձը: Սաուդյան Արաբիայի թագավորը ծեր է եւ հիվանդ, իսկ գահաժառանգության հարցը միանշանակ չէ:
Միաժամանակ հակասություններ կան Կատարի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ: Վերջինս այդքան էլ ոգեւորված չէ իր փոքր հարեւանի ակտիվությունից, մանավանդ Սիրիայում, որը համարում է իր ուժերի ներդրման բացառիկ տիրույթ:
Իրանի շուրջ լարվող իրավիճակը եւ Հորմուզի ջրանցքի գործունեության հնարավոր խափանումը կարող է ավերիչ հետեւանքներ ունենալ Ծոցի երկրների տնտեսության վրա, քանի որ հենց այդ ճանապարհով է արտահանվում նրանց էներգառեսուրսների մեծ մասը: Բացի այդ երկու թագավորությունները կարող են դառնալ իրանական պատասխան հարվածի թիրախ: